ՀՀ առողջապահության նախարարը և ԵՄ դեսպանը քննարկել են առողջապահության ոլորտում բարեփոխումներն ու համատեղ ծրագրերը
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ մասնավորապես շեշտադրելով Համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման կարևորությունը, ինչը կնպաստի քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիությանն ու մատչելիությանը` ապահովելով որակյալ բժշկական ծառայությունների մատուցում:
Ներկայացվել են նաև Եվրամիության հետ համագործակցության խորացմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում` վիզաների ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Անդրադարձ է եղել մի շարք ծրագրային առաջարկների, մասնավորապես` թափոնների (այդ թվում` բժշկական) կառավարման վերաբերյալ:
