Կանադան և Մեքսիկան պատրաստվում են ծովով առևտուր անել՝ շրջանցելով ԱՄՆ-ը

Կանադան և Մեքսիկան ձգտում են ավելի սերտ տնտեսական կապեր հաստատել Միացյալ Նահանգներից բխող առևտրային անորոշության պայմաններում։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին և Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հինգշաբթի հանդիպման ժամանակ խոստացել են ամրապնդել առևտրային հարաբերությունները՝ ԱՄՆ-ի մաքսատուրքերի սպառնալիքների ֆոնին։

Բանակցությունների առանցքային կետը եղել է ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա առևտրային համաձայնագիրը (USMCA), որը ենթակա է վերանայման 2026 թվականին։

Տասնամյակներ շարունակ ազատ առևտուրը երեք երկրի միջև միահյուսել է նրանց տնտեսությունները. Կանադայի արտահանման ավելի քան 75%-ը և Մեքսիկայի՝ ավելի քան 80%-ն ուղղվում է Միացյալ Նահանգներ։

Շեյնբաումը հստակեցրել է, որ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակում նախատեսվում է ավելացնել ծովային բեռնափոխադրումները, ինչը թույլ կտա խուսափել ապրանքների տարանցումից Միացյալ Նահանգներով:

Մեքսիկան Կանադայի երրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է Միացյալ Նահանգներից և Չինաստանից հետո, իսկ անցյալ տարի Կանադան դարձել է Մեքսիկայի հինգերորդ խոշորագույն առևտրային գործընկերը։

You may also like...