ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է

Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։

 Ծրագրի շրջանակում այս պահի  դրությամբ հավաստագիր է ստացել 2823 ընտանիք, որից 907-ն արդեն իրացրել է հավաստագիրը։

Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հիշեցնենք, որ բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝

· բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,

·  անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,

·  գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։

Միջոցառման շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, ովքեր՝

·   տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո,

·  ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

·  չունեն սեփականություն,

· չեն հանդիսանում Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման և Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու։

    Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել https://housing.socservice.am/ հարթակում։

You may also like...