Ղուկասյանը կրկին «Գյումրու օր»-ը հանեց նիստի օրակարգից. այն կկազմակերպի, կանցկացնի «Մեր ձևով»-ը՝ «Տաշիր»-ի հետ

Սեպտեմբերի 16-ին, երբ Գյումրու ավագանու նիստի օրակարգից քաղաքապետ Վարդան Ղուկասյանն առաջարկեց ու հանեց «Գյումրու օր» ամենամյա տոնակատարության կազակերպման և անցկացման հարցը, ասաց ցուրտ է, տրամադրությունն էլ էն չէ:

Սեպտեմբերի 22-ի արտահերթ նիստի օրակարգից Վարդան Ղուկասյանը կրկին հանեց նույն հարցը, ասաց՝ օգտվում է իր ունեցած իրավունքից:

«Ես հարցը հանում եմ, դուք էլ չեք քվեարկելու, ելույթներ կարող եք ունենալ»,- ասաց Ղուկասյանը:

e6cd0722-f45e-41d4-ad55-b25c777351d9.jpg (110 KB)

Մինչ ավագանու այս արտահերթ նիստը, սակայն, տարբեր իրադարձություններ եղան:

Սեպտեմբերի 16-ին հարցի զեկուցում եղել է․ մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն է այն ներկայացրել: Հարցի օրակարգից դուրս բերելուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր, որ կհրավիրի արտահերթ նիստ՝ «Գյումրու օր» ամենամյա տոնակատարության կազմակերպման և անցկացման օրակարգով:

Վարդան Ղուկասյանն էլ իր հերթին քաղաքապետարանի պաշտոնական էջում հայտարարություն տարածեց՝ առաջարկելով ավագանու բոլոր խմբակցություններին կրկին անդրադառնալ օրակարգից հանված նախագծերին՝ ի նպաստ Գյումրու մշակութային զարգացման և համընդհանուր շահերին: Ի դեպ, Վարդան Ղուկասյանն օրակարգից հանել էր նաև «Հայաստանի գույները» ջրաներկի փառատոնի և Համո Սահյանի երեկոն մեծ շուքով կազմակերպելու միջոցառման նախագծերը:

Հաջորդ օրն արդեն Վարդան Ղուկասյանը նույն էջում մեկ այլ հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ այս տարի, ինչպես ամեն տարի, «Գյումրիի օրը» ավանդական ձևով կկայանա։ Ավելին՝ հաշվի չառնելով ավագանու նիստի ուղիղ եթերի ձևաչափը՝ գրել էր, որ տարածված այն խոսակցություններն ու ասեկոսեները, թե տոնակատարությունը չի անցկացվելու կամ չտոնելու որևէ այլ պատճառներ կան, իրականությանը չեն համապատասխանում։ Տոնի հետ կապված որոշ հարցեր ժամանակավորապես հետաձգվել են միայն այն պատճառով, որ քաղաքապետարանի Մշակույթի բաժինը չի ներկայացրել ամբողջական ֆինանսական հաշվետվություն։ Մշակույթի բաժնի պետն արդեն իսկ նկատողություն է ստացել։

Բայց պարզվում է՝ ֆինանսական հաշվետվություն, այնուամենայնիվ, եղել է: Բոլոր դեպքերում դա պարզ է դառնում «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ Սուսաննա Մոսոյանի ֆեյսբուքյան գրառումից, որում մասնավորապես ավագանու անդամը գրել էր. «Ավագանու նիստից առաջ քաղաքապետը հրավիրել է իր հետ հանդիպման հանձնաժողովի անդամներին (ՔՊ ավագանիները հանդիպմանը չմասնակցեցին) և առաջարկել է ամեն դեպքում անել «Գյումրու օր» միջոցառումը, ուղղակի գումարը նվազեցնել (14 մլն-ի փոխարեն 6մլն) և մնացած մասը ուղղել Ամանորի միջոցառումներին: Հանձնաժողովի ներկա բոլոր անդամները համաձայնվեցին»:

bbe7b70a-91f6-4cfb-9c12-6d7e86d2ecf1.jpg (194 KB)

Սեպտեմբերի 21-ին ևս մեկ հայտարարություն արեց նաև «Մեր ձևով»-ը՝ տեղեկացնելով, թե «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ միասին կկազմակերպի Գյումրի քաղաքի տոնը:

«Նշելու ենք՝ Մեր ձևով»,- տեսաուղերձում հայտարարեց շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը: Վերջինս նաև ասաց՝ խոսել է Վարդան Ղուկասյանի հետ, որը մեծ ոգևորությամբ ընդունել է միտքը:

Այսօր Վարդան Ղուկասյանն ասաց՝ Մշակույթի բաժինը քիչ գումար էր ներկայացնում՝ 4 կամ 6 մլն, ավագանու անդամներ էլ կային, ասացին՝ գումարն ուղղենք այլ միջոցառումների իրականացմանը:

«Տրամադրությունն էլ տեսնելով՝ ես ասացի հարցը հանենք, հետո կքննարկենք»,- ասաց Ղուկասյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի ճշտող հարցին՝ ում տրամադրության մասին է խոսքը, քանի որ գյումրեցին տխրելու առիթ չունի, Ղուկասյանն ասաց՝ ավագանու անդամների: Ավելին՝ որևէ խնդիր չի տեսնում, որ բարերարներն այդ միջոցառումը անցկացնեն:

«Քաղաքապետարանն է նշանակում օրը, մշակույթի բաժինն է կարգավորելու ամեն ինչը, ամեն րոպե էլ չի բարձրաձայնվելու՝ ով է կազմակերպել: Ըդպես տղա չկա երկրում, որ մեզ հետ ուրիշ ձևով ուզենա խոսա, բարիդրացիական հարաբերություններով ուզում են աջակցեն»,- ասաց Ղուկասյանը՝ արձագանքելով Մինասյանի դիտարկմանը, թե նախ որևէ մեկն իրավունք չունի այդ տոնը կազմակերպել ու անցկացնել քաղաքապետարանից բացի, նաև օրն ու ժամը որոշել:

«Քաղաքն ունի քաղաքային իշխանություն, ունի ավագանի, որոնք որոշումներ են կայացնում: Որևէ մեկը չի կարող օր ու ժամ որոշի, հայտնի: Մեր կարծիքը միանշանակ է․ Գյումրու հետ կապված ցանկացած որոշում պետք է կայացնի Գյումրու համայնքապետարանը՝ իր բաժիններով: Ձեր իրավունքն է, ուզում եք հարցը հանել՝ հանեք»,- ասաց Մինասյանը:

MyCollages - 2025-09-22T182105.693.jpg (89 KB)

ՔՊ խմբակցության անդամ Քնարիկ Հարությունյանը նկատեց՝ ոմն անհատ հայտարարություն է անում համայնքապետարանի անունից և որոշում, թե երբ պետք է նշել Գյումրու օրը, ինչպես և որ ժամին:

«Սա նշանակում է, որ համայնքապետարանը տեղում չէ և չի կարող հասարակ միջոցառում կազմակերպել: Վերահաստատում ենք, որ «Գյումրու օր» տոնակատարությունը պետք է կայանա:

Ձեր իրավունքն է, կարող եք հարցը հանել, սակայն Գյումրու համայնքապետարանը պետք է այս միջոցառումը նախաձեռներ, ոչ թե թույլ տար, որ անհատները, ժամանակից առաջ ընկնելով, հայտարարություններ տարածեին, ինչը խոսում է համայնքապետարանի տեղում չլինելու մասին»,- ասաց Հարությունյանը:

MyCollages - 2025-09-22T182257.168.jpg (75 KB)

Ղուկասյանն էլ նկատեց՝ քաղական տարրեր պետք չէ փնտրել իր որոշումներում ու քայլերում, ոչ էլ պետք է մտածել, թե քաղաքը ոչ մի բան չուներ, Սամվել Կարապետյանը եկավ հասավ, փրկեց․ փրկիչ էր:

«Հարցը հանում եմ, իմ իրավունքն է, ասեմ, որ 15 մլն-ի տեղն էլ մարդիկ կրկնակի, եռակի ավելի գումար են ծախսելու, ու ավելի լավ միջոցառում են անելու մարդիկ»,- ասաց Վարդան Ղուկասյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

You may also like...