Որքան արագ ավարտական տեսքի բերվի ՀՀ-Ադրբեջան խաղաղությունը, այնքան ավելի արագ օգուտները կնյութականանան. Քվին
Երևանում սեպտեմբերի 23-ին շարունակվել է ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի աշխատանքը: Օրակարգում «Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում. ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» թեման է:
«Ժողովրդավարական դիմակայունության ամրապնդումը ՀՀ-ում և ոչ միայն» թեմայի շրջանակում բանախոսներն անդրադարձել են ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման մեխանիզմներին ու առկա մարտահրավերների հաղթահարմանը:
Մինչ ՀՀ-ում և տարածաշրջանում անվտանգային և հիբրիդային սպառնալիքներին վերաբերող թեմայի քննարկումը ելույթ է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, խոսել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և դրան հաջորդող գործընթացների, մի շարք ոլորտներում հայ-ամերիկյան արդյունավետ համագործակցության մասին:
«ԱՄՆ-ն արդեն առաջ է տանում օգոստոսի 8-ի համաձայնագրերի իրականացումը»,- նշել է դեսպանն ու այդ համատեքստում խոսել կոնկրետ քայլերի մասին:
Քրիստինա Քվինի գնահատմամբ՝ Հայաստանը և Ադրբեջանը Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու կարիք ունեն, և որքան արագ ավարտական տեսքի բերվի խաղաղությունը, այնքան ավելի արագ դրա օգուտները կնյութականանան:
Դեսպանը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը, նշել, որ շարունակական առաջընթացը և հարաբերությունների կարգավորումը նշանակալի օգուտներ կբերեն և՛ երկու երկրներին, և՛ ամբողջ տարածաշրջանին:
