Բացառիկ իրավիճակ ունենք՝ ՀՀ-ում ժողովրդավարության արժեքների կրողը իշխանությունն է․ վարչապետ (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդավարության հայկական չորրորդ ֆորումի շրջանակում մասնակցել է «Ժողովրդավարության որակը Հայաստանում. մարտահրավերներ և գնահատման ցուցիչներ» խորագրով պանելային քննարկմանը:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը ողջունել է ներկաներին և կարևորել նման ֆորումների անցկացումը:

Պատասխանելով այն հարցին, թե որն է ժողովրդավարական այն իդեալը, որին ձգտում է իր կառավարման ընթացքում՝ վարչապետն առաջարկել է «երազանք», «ապագա», «իդեալ» բառերի հետ հարաբերությունները փոխել.

«Ինչի՞ մենք պետք է երազենք ժողովրդավարության մասին, եթե մենք այսօր կարող ենք դա քննարկել, ստեղծել և կառուցել, այսինքն՝ մենք անընդհատ երազում ենք․ ինչի՞ մասին ենք երազում»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ կան հարցեր, որոնց պետք է անդրադառնալ. արդյո՞ք մեր ժողովրդավարության բոլոր մասնակիցներն են ուզում ժողովրդավարություն, արդյո՞ք նրանց համար ժողովրդասիրությունն արժեք է, իսկ ով է Հայաստանում այսօր ժողովրդավարության լիդերը, պաշտպանը և ժողովրդավարության արժեքների կրողը:

«Այս դեպքում բացառիկ իրավիճակ ունենք, որ այդ արժեքների կրողն իշխանությունն է, այդ թվում՝ վերջին շրջանի քաղաքական, գաղափարական, հայեցակարգային փոփոխություններով և հարցադրումներով մենք ժողովրդավարության համար ավելի լայն դաշտ ենք բացում»,- ասել է վարչապետը՝ այդ համատեքստում ընդգծելով առկա բոլոր հարցադրումները հնչեցնելու և քննարկելու կարևորությունը:

You may also like...