Պետբյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ. Կառավարությունը հավանություն տվեց նախագծին (տեսանյութ)
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին: ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, բյուջեի նախագծով համախառն ներքին արդյունքը կանխատեսվել է 11 տրիլիոն 933 միլիարդ դրամ, տնտեսական աճը կանխատեսվել է 5.4%, ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ 3 %:
«Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները 2 տրիլիոն 972 միլիարդ դրամ: Հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավում՝ սպասողականի համեմատ 0.4 տոկոսային կետով»,- ասել է նախարարը:
Վահե Հովհաննիսյանի նշել է, որ պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով 2 տրիլիոն 924 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 704 միլիարդ դրամ, որը համախառն ներքին արդյունքում 2026 թվականին կկազմի 5.9%: Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ, այսինքն՝ ՀՆԱ-ի 4.5%-ը 2025 թվականի 5.5% դիմաց:
Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ Կառավարության ծրագրի առաջնահերթություններին համահունչ 2026 թվականին կիրականացվեն սոցիալական, կրթական, առողջապահական, տնտեսական աջակցության ենթակառուցվածքային բնույթի մի շարք առաջնահերթ միջոցառումներ:
«Կներդրվի առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգը: Կշարունակվի բռնի տեղահանված անձանց կեցության, այդ թվում՝ բնակարանային ապահովման և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության ծրագիրը՝ 55 միլիարդ դրամի չափով։
Կգործարկվի ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը, որը 2025 թվականին պիլոտավորվել էր երկու մարզերում, 2026 թվականից կկիրառվի ամբողջ հանրապետությունում, որի նպատակը Հայաստանում ծայրահեղ աղքատության հաղթահարումն է և անապահովության մակարդակի նվազեցումը։
Կշարունակվի անհուսալի վարկային պարտավորություններ ունեցող աշխատաշուկայից դուրս մնացած կամ մասնակի ֆորմալ զբաղվածություն ունեցող անձանց աջակցության ծրագիրը, 2026 թվականին պետական բյուջեով ծրագրի գծով նախատեսվել է 9.7 միլիարդ դրամ:
Շարունակվելու է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրումը, որի գծով 2026 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 20 միլիարդ դրամ, որը 2025 թվականի բյուջեի նկատմամբ ավելի է 7.6 միլիարդ դրամով:
Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման նպատակով 2026 թվականին նախատեսվել է 4.9 միլիարդ դրամ, որի շրջանակներում շարունակվելու են նախագծման և կառուցման աշխատանքները, միջազգային խորհրդատվական ծառայությունների ձեռքբերումն ու պայմանագրերի սպասարկումը։
Կշարունակվի դպրոցների և մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները՝ ապահովելով նաև նրանց հագեցումը անհրաժեշտ գույքով և սարքավորումներով։
Կիրականացվեն միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, միջին նորոգման ամառային և ձմեռային պահպանման, ինչպես նաև թունելների և կամուրջների պահպանման ու շահագործման աշխատանքները՝ 66.2 միլիարդ դրամի շրջանակներում»,- ասել է Ֆինանսների նախարարը:
