Պենտագոնի ղեկավարն 800 գեներալի և ծովակալի անսպասելի հրավիրել է հանդիպման

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը Վաշինգտոնի մոտ գտնվող Քվանտիկո ծովային հետևակի կորպուսի բազայում հանդիպման է հրավիրել 800 գեներալի և ծովակալի։

Սակայն անսպասելի հանդիպման պատճառը հայտնի չէ շատերին, որոնց հրահանգվել է ներկա լինել, հաղորդում է The War Zone-ը։

«Նրանք պատկերացում չունեն, թե ինչի մասին է խոսքը։ Բոլորը հետաքրքրվում են։ Թեմայի վերաբերյալ ոչ մի ցուցում չկա»,- պարբերականին հայտնել է ռազմական աղբյուրը։

Նաև նշվում է, որ ԱՄՆ ամբողջ ռազմական ղեկավարության այս աննախադեպ հանդիպումը տեղի է ունենում Հեգսեթի՝ ավագ հրամանատարական կազմի և շտաբների թիվը կրճատելու ծրագրերի ֆոնին։

Դեռևս մայիսին Հեգսեթը հրամայել էր կրճատել մոտ 100 գեներալական պաշտոն՝ Պենտագոնի արդյունավետությունը բարելավելու համար։ Նա նաև հստակեցրել է, որ մտադիր է կրճատել շտաբների թիվը, այդ թվում՝ միավորելով ԱՄՆ Եվրոպական և Աֆրիկայի հրամանատարությունները։ Բարձրագույն սպայական կազմի ավելի քան 12 տոկոսը կրճատելու՝ Հեգսեթի մտադրությունը համարվում է այդ հանդիպման հնարավոր պատճառներից միայն մեկը:

Պարբերականը նշում է, որ բոլոր ռազմական ղեկավարներին մեկ հանդիպման հրավիրելը կարող է պոտենցիալ լոգիստիկ խնդիր առաջացնել։ Ծովակալներն ու գեներալները պետք է ճանապարհորդեն օժանդակ անձնակազմի ուղեկցությամբ և պաշտպանված լինեն կապի համակարգերով:

You may also like...