Սպանությունը Մերձավանում այս տարվա փետրվարին տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է. ՆԳՆ խոսնակ

Մերձավանի միջադեպի, ըստ քննությունների՝ այս պահին առկա տվյալների, վարկածը շարունակում է մնալ  այն, որ սա այս շարունակությունն է այս տարվա փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի, որի ընթացքում սպանվել է այս գործով ձերբակալվածի հարազատ եղբայրը:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նա հիշեցրեց՝ փետրվարի 5-ին Մերձավանում մի խումբ անձանց միջև միջադեպ էր տեղի ունեցել, նաև հնչել էին կրակոցներ:

ՆԳՆ խոսնակի խոսքով՝ ըստ քննության արդյունքների՝ դա եղել էր մեքենան արագ վարելու, ինչպես նաև չբարևելու հարցի շուրջ ծագած միջադեպ, ինչի հետևանքով ծեծկռտուքը շարունակվել էր, հնչել էին նաև կրակոցներ և ծեծկռտուքի ընթացքում Գրիգոր Օհանյանը կրծքավանդակի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք ու մահացել:

Նախաձեռնվել էր քրեական վարույթ, դեպքը բացահայտվել էր, տասնյակից ավելի մարդկանց առաջադրվել էին մեղադրանքներ, եղել են ձերբակալվածներ ու կալանավորվածներ:

«Ըստ էության, սա փետրվարյան իրադարձության շարունակությունն է՝ միջանձնային հարաբերությունների՝ կոնֆլիկտի տրամաբանության մեջ: Իսկ այս վերջին՝ սեպտեմբերի 23-ի դեպքով սպանվել է փետրվարյան դեպքով անցնող մեղադրյալներից մեկի հարազատ եղբայրը՝ Վալոդյա Գրիգորյանը»,- հայտնեց նա՝ տեղեկացնելով, որ փետրվարյան միջադեպից հետո ոստիկանությունը ձեռնարկել է մի շարք գործողություններ՝ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ:

Նրա խոսքով՝ փետրվարյան դեպքից հետո տասնյակից ավելի անգամներ Ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էին տեղեկություններ, որ կողմերը պետք է հավաքվեն ու պարզեն հարաբերություններ, անձանց հետ կատարվել են բացատրական աշխատանքներ:

Ինչ վերաբերում է ձերբակալված Նարեկ Օհանյանին, նշեց՝ նա ևս եղել է ոստիկանների ուշադրության կենտրոնում:

«Հենց այս պահին էլ ակտիվ միջոցառումներ են ձեռնարկվում, կան տեղադրված ոստիկանական հենակետեր՝ հետագա հնարավոր անցանկալի հետևանքներից խուսափելու համար»,- հավելեց Սարգսյանը:

You may also like...