Եթե ասել ես, որ գալու ես, ուրեմն պետք է գաս, որովհետև քեզ սպասում են. դատախազն այցելել է Խարբերդի մանկատուն
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի սեպտեմբերի 26-ին Խարբերդի մասնագիտացված մանկատանը մասնակցել է «Ճախրուկ» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված համաժողովին և խոսել ներառականության, «Ճախրուկների» հետ տարիներ առաջ ձեռք բերած բարեկամության, խոստումները պահելու անհրաժեշտության մասին:


«Ես այսօր այստեղ նստած եմ որպես մարդ, որը տարիներ առաջ երջանիկ հնարավորություն է ունեցել գալ Խարբերդի մասնագիտացված մանկատուն և ծանոթանալ այսօր մեզ իրենց արվեստով հիացնող սաների, նրանց ուսուցիչների հետ: Մի կարևոր դաս ու փորձառություն ունեմ, որ «Ճախրուկներն» ինձ 2019 թվականին սովորեցրին:
Սոֆյան, որն այսօր ելույթ էր ունենում, ինձ հարցրեց. «Ե՞րբ ես նորից գալու»: Մենք սովոր ենք բալիկներին անպատասխանատու ասել՝ վաղը ու չգալ: Եթե ասել ես, որ գալու ես, ուրեմն պետք է գաս, նույնիսկ եթե լինեն խոչընդոտող տարբեր հանգամանքներ, դու պետք է գաս, որովհետև քեզ սպասում են:
Այդ պատճառով է, որ այսօր չնայած ի պաշտոնե ունեցած բազմաթիվ մարտահրավերների՝ մասնակցում եմ այս համաժողովին»,- եզրափակել է Աննա Վարդապետյանը:

Հիշեցնենք, որ Խարբերդի մասնագիտացված մանկատանը գործող «Ճախրուկ» մշակութային կենտրոնը հիմնել են կամավորներ Աննա և Անահիտ Մխիթարյանները ու ստեղծել «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը, որտեղ նվագում և երգում են մանկատան՝ հատուկ կարիքներ ունեցող սաները։



