ՀՀ և Լեհաստանի ԱԳ նախարարները քննարկել են գործընկերության խորացման հնարավոր ուղղությունները
Սեպտեմբերի 30-ին Վարշավայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ։
Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Լեհաստանի միջև գործընկերության խորացման հնարավոր ուղղություններն ու առկա մեխանիզմները։
Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին մտքեր են փոխանակել ԵՄ շրջանակներում ընթացիկ գործընթացների, ինչպես նաև ՀՀ եվրոպական ինտեգրացիային առնչվող հարցերի շուրջ։
Անդրադարձ է կատարվել «Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքին, ՀՀ-ԵՄ՝ տարբեր ուղղություններով խորացող գործընկերության հարցերի։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները՝ շեշտելով հատկապես հաստատված խաղաղության կարևորությունը տարածաշրջանի կայուն զարգացման, հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում։
