Չենք հանդուրժելու կոռուպցիայի որևէ դրսևորում. պետք է «Խոսրովի անտառ»-ի պահպանության առանձնահատուկ մոտեցում

ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խմբի մարզային հանդիպումները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է ծառայությունը:

«Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում աշխատանքային հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել ծառայության Վայոց ձորի և Արարատի մարզային վարչության «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեղամասի ղեկավար կազմի և պահպանություն իրականացնող անձնակազմի հետ:

Ողջունելով հանդիպման ներկաներին՝ Կիրակոսյանը նշել է, որ այս ձևաչափով հանդիպումը միտում ունի ընդգրկուն քննարկում ծավալել տեղամասի բոլոր աշխատակիցների հետ և լսել նրանց կողմից բարձրաձայնված խնդիրները և ևս մեկ անգամ ներկայացնել ծառայության կողմից որդեգրված աշխատելաոճը և մոտեցումը բնության հատուկ պահպանող տարածքների և անտառների պահպանության գործում:

Էկոպարեկային ծառայության ղեկավարը վստահություն է հայտնել, որ մարզային վարչության լիարժեք համալրումն ու տեխնիկական վերազինումը հնարավորություն կտան առավել արդյունավետ իրականացնել պահպանության գործընթացը։ Կիրակոսյանն ընդգծել է, որ «Խոսրովի անտառ»-ն ունի առանձնահատուկ նշանակություն Հայաստանի բնաշխարհում, ուստի այն պահպանելու հարցում ևս մոտեցումը պետք է լինի առանձնահատուկ:

«Մենք ապագա սերունդներին առողջ բնություն և հարուստ կենսաբազմազանություն փոխանցելու կարևորագույն առաքելություն ունենք, պետք է բացառենք կոռուպցիայի ցանկացած դրսևորում, ապօրինություն, մենք չենք կարող հանդուրժել կոռուպցիայի որևէ դրսևորում, որը կարող է խաթարել ծառայության պատշաճ գործունեությունը: Ապօրինությունների բացահայտումը ևս կարևոր է, բայց առավել կարևոր է կանխարգելումը»,- նշել է Կիրակոսյանը, ապա ընդգծել, որ ծառայողները «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով էկոպարեկային ծառայողին վերապահված լիազորություններին պետք է քաջատեղյակ լինեն, ամեն օր աշխատեն գիտելիքների կատարելագործման վրա: Նա նշել է նաև, որ Ծառայության համապատասխան մասնագետների օգնությամբ ևս ամենօրյա ծառայություն իրականացնող աշխատակիցները կարող են կատարելագործել իրենց գիտելիքները:

Կիրակոսյանը նշել է նաև, որ մարզային վարչություններում նախատեսվում է հաստիքային որոշակի փոփոխություններով ավելացնել կրտսեր էկոպարեկի հաստիքների թվաքանակը՝ նպատակ ունենալով պահպանության ոլորտի բազմամյա աշխատանքային փորձով աշխատակիցներին հնարավորություն տալ շարունակելու աշխատել, հետո նաև ցանկության և հնարավորության դեպքում էլ նախաձեռնողականություն ցուցաբերեն բարձրագույն կրթություն ստանալու հարցում: Կիրակոսյանի խոսքով՝ այն անձինք, որոնք անցնում են աշխատանքի Ծառայությունում, ոչ միայն չափազանց կարևոր առաքելություն են ստանձնում, այլև ունենում են հետաքրքիր ու դինամիկ աշխատանք՝ գրավիչ աշխատավարձով և սոցիալական երաշխիքներով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տեղամասի տեխնիկական միջոցների վերազինման և ռեսուրսների արդյունավետ օգտագործման հնարավորությունները։

Ամփոփելով խոսքը՝ Կիրակոսյանն ընդգծել է, որ պատրաստ է լսել յուրաքանչյուր աշխատակցի բարձրաձայնած խնդիրը, օգնել, սատարել, բայց միևնույն ժամանակ որևէ կերպ չի հանդուրժելու անպատասխանատու մոտեցում աշխատանքին։ Նա շեշտել է նաև, որ ուշադրություն պետք է դարձնել պահպանվող տարածքների մաքրությանը և պարբերական շաբաթօրյակներ կազմակերպել:

Հաջորդիվ հարցուպատասխանի ձևաչափով ներկայացվել են աշխատանքային գործունեության ընթացքում գույքագրված խնդիրները, քննարկվել են հնարավոր լուծումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

You may also like...