ԵԱՀԿ գործող նախագահը տարածաշրջանային այցով կժամանի Հայաստան
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը հոկտեմբերի 13-15-ը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան:
Սա նրա առաջին այցն է Հարավային Կովկաս՝ որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ:
Այցի ընթացքում արտաքին գործերի նախարարը կհանդիպի Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ:
«Հայաստանում և Ադրբեջանում մեր քննարկումը կկենտրոնանա երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման վրա:
Այս տարի կարևոր քայլեր են ձեռնարկվել այդ նպատակին հասնելու համար: Ֆինլանդիան աջակցում է երկրների ջանքերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար»,- ասել է նախարարը:
