Արմեն Ղազարյանն ԱՄՆ գործընկերներին ներկայացրել է ԼՂ-ից տեղահանված բնակչության հետ տարվող աշխատանքները

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր ընդունել է ԱՄՆ բնակչության, փախստականների և միգրացիայի գրասենյակի տարածքաշրջանային համակարգող Պիտեր Լոսուին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչ Սքոթ Մուրին։
Ինչպես հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից, Արմեն Ղազարյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության հետ տարվող աշխատանքները, այդ համատեսքտում Ծառայության դերն ու գործառույթները։ Մասնավորապես, նկարագրվել է հաշվառման գործընթացի կազմակերպումը, համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների, գործընկեր գերատեսչությունների հետ։
ԱՄՆ գործընկերները հետաքրքվել են տեղահանված բնակչության ժողովրդագրական կազմով, տարբեր իրավունքների իրացման հնարավորություններով, հայտնել, որ Հայաստան այցի շրջանակում լինելու են նաև մարզերում՝ տեղում ծանոթանալու տեղահանված անձանց ժամանակավոր կացարանային պայմաններին։
Պիտեր Լոսուն նշել է, որ այցի արդյունքների հիման վրա զեկույց կներկայացվի ԱՄՆ լիազոր մարմնին, որի հիման վրա կվերլուծվեն ներկայացված կարիքներն ու կմշակվեն աջակցության մեխանիզմներ։

You may also like...