Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով. վարչապետ
«65 տարեկանից բարձր անձանց համար Կառավարությունը ձեռք կբերի առողջապահության ապահովագրության փաթեթ, որովհետև վիճակագրությունը ցույց է տալիս, որ թոշակառուները ամենաշատ ծախսերը կատարում են առողջության վրա»։
Այս մասին Կառավարության նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ ծախսերի մի մասը Կառավարությունն առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգով կթեթևացնի։
Այսօր Հայաստանում կան բազմաթիվ մարդիկ, որոնք հացի խնդիր ունեն, և ես առերեսվում եմ այդ խնդրի հետ։
Բայց ես առերեսվում եմ նաև մեկ այլ փաստի հետ, երբ մենք ամեն օր հաց ենք տալիս այդ մարդկանց, հաջորդ օրն ի՞նչ է փոխվում նրանց կյանքում․ ոչ մի բան չի փոխվում։
Այսօր Հայաստանում կան հազարավոր ընտանիքներ, որ 10 և ավելի տարի անապահովության համակարգից օգտվում են, Կառավարությունը, բառիս բուն իմաստով, հանապազօրյա հաց է տալիս այդ մարդկանց»,- ասաց նա՝ նշելով, որ աղքատության հաղթահարման հայեցակարգերը, որ 30 տարի փորձարկվում են, արդյունավետ չեն։
Վարչապետը նաև նկատեց. «Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով»:
