Լեզվի կենսունակությանն ուղղված մի շարք խոշոր ծրագրեր են իրականացվում. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)

Ներկայումս մշակում ենք հայերենի իմացության մակարդակների, չափորոշիչների, նաև հայերենի իմացույթյան ստուգման առցանց համակարգ, որն առաջիկայում, հաշվի առնելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը, որն արդեն իսկ ուժի մեջ է մտել, կարողանալու է դառնալ մեր հիմնական գործիքակազմը ընդունելության քննությունների կոնտեքստում:

Այդ մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 22-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ լեզվի կենսունակությանն ուղղված մի շարք խոշոր ծրագրեր են իրականացվում:

«Այս ուղղությամբ աշխատանքներն սկսված են ավելի քան 1,5 տարի, և ունենք մեծ առաջընթաց ու կարողանալու ենք համակարգը գործարկել հաջորդ տարի:

Սա օգնում է նաև, որպեսզի հայերենի թվանշային տիրույթում զարգացման քաղաքականությունն ապահովենք»,- ասաց նախարարը:

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ մի շարք ծրագրեր են իրականացվում, որոնք հատկապես արհեստական բանականությանն են վերաբերում:

«Մենք ունենք լրջագույն խնդիր հայերենով շտեմարանների առկայության, որովհետև ԱԲ-ի գործիքակազմի՝ հատկապես որոշակի տրամաբանությամբ օգտագործումը պահանջում է, որպեսզի այդ համարժեք շտեմարանները լինեն, և այն պատասխանները, որոնք ստանում ենք, և այն օգտակարությունը, որոնք ունենում են այդ տեխնոլոգիական գործիքները, ինչ-որ տրամաբանության մեջ լինեն»,- ասաց նա:

You may also like...