Հովհաննավանք են ժամանել հարյուրավոր քաղաքացիներ տարբեր մարզերից. տեղում են նախարարներ, պատգամավորներ

Մի քանի հարյուր մարդ է հավաքվել Օհանավան համայնքում՝ Հովհաննավանքի եկեղեցու մոտ, մասնակցելու կիրակնօրյա Սուրբ պատարագին, որն ավելի վաղ խոստացել է մատուցել Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամը:

Քաղաքացիները ոչ միայն Արագածոտնի տարբեր համայնքների բնակիչներ են, այլև ՀՀ տարբեր մարզերից են ժամանել:

Տեղում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բազմաթիվ անդամներ, պատգամավորներ, նախարարներ, մի շարք մարզերի մարզպետներ ու փոխմարզպետներ:

Տեղում կենտրոնացվել են ոստիկանական մեծաթիվ ուժեր, որոնք կենտրոնական հատվածն ազատել են քաղաքացիական մեքենաներից:

Եկեղեցու ներսում Տեր Արամ քահանա Ասատրյանը հագել է վեղարն ու պատրաստություններ է սկսել՝ պատարագի մատուցման համար: Տեղում կան մի շարք այլ քահանաներ, որոնցից մի քանիսը, լրագրողների հարցերին ի պատասխան, հաստատել են, որ պատարագը իսկապես մատուցելու է կարգալույծ հռչակված Տեր Արամը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի ժամանել Հովհաննավանք:

Հիշեցնենք՝ նա ավելի վաղ հայտարարել է, որ  Հովհաննավանքում մասնակցելու է կիրակնօրյա պատարագին։

«Այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը:
Պրոբլեմն այն է, որ Կտրիճ Ներսիսյանը պղծության շղթաների մեջ է կալանել մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»,- նշել է նա։

You may also like...