Խզված պայմանագրեր, ֆինանսատնտեսական գործառնությունների օպտիմալացման և ուռճացված ծախսերի կրճատումներ ՀԷՑ-ում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունում ֆինանսատնտեսական գործառնությունների օպտիմալացման և ուռճացված ծախսերի կրճատման նպատակով՝ 2025թ. հուլիս ամսվա երկրորդ կեսից սկսած, իրականացվել են մի շարք միջոցառումներ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել «ՀԷՑ» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժինը՝ մանրամասնելով.
«Ընկերության 2025թ. ներդրումային ծրագիրը գտնվում է իրագործման փուլում, այդ թվում հատուկ ուշադրության կենտրոնում է արդեն փաստաթղթավորված և գործընկեր կազմակերպությունների հանդեպ ձևավորված կրեդիտորական պարտավորությունների, միաժամանակ դեռևս չկատարված աշխատանքների մասով մասշտաբային աշխատանքների իրական պատկերի ուսումնասիրությունը:
Ներկա փուլում իրականացվում է նաև ուսումնասիրություն ներդրումային ծրագրի շրջանակներում ս.թ. հուլիսի 18-ի դրությամբ առկա ավելի քան 6,5 մլրդ ՀՀ դրամի կանխավճարների (դեբիտորական պարտավորությունների) մասով:
Նույն աշխատանքների շրջանակներում ուսումնասիրվում են շուրջ 11,0 մլրդ ՀՀ դրամի չափով գործընկեր կազմակերպություններին վաճառված նյութերի (դեբիտորական պարտավորություններ) առաջացման մեխանիզմների, դրանց անհրաժեշտության, հիմնավորման կամ հետ վերադարձի պահանջի մասով:
Ընդ որում, Ընկերության աշխատանքի արդյունքում՝ 2025թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին գործընկեր կազմակերպությունները նախկինում չվճարված հատուկ տեխնիկայի վարձակալական պայմանագրերով կուտակված պարտավորություններից արդեն վերադարձրել են 110,0 մլն ՀՀ դրամ: Գործընթացը շարունակվում է:
2025թ. Հուլիսի 18-ից ի վեր՝ Ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ սարքավորումների, ապրանքների և ծառայությունների ձեռք բերման նպատակով հայտարարվել են մի շարք բաց, թափանցիկ և ներառական գնման գործընթացներ:
Ընկերության կարիքների համար մալուխների, կցորդիչների, ինչպես նաև ավտոտնտեսության համար անհրաժեշտ մարտկոցների, յուղերի, դողերի ձեռքբերման համար գնումների պլանով նախատեսված էր ընդհանուր 492.9 մլն ՀՀ դրամ ֆինանսական միջոցներ, փաստացի, սակայն ձեռքբերումն իրականացվել է 315,6 մլն ՀՀ դրամով:
Արդյունքում Ընկերության բնականոն գործունեության ապահովման նպատակով իրականացվող ապրանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացների թափանցիկ, ներառական և բաց մրցութային եղանակով իրականացնելու միջոցով Ընկերությունը խնայել է ավելի քան 188.2 մլն ՀՀ դրամ(38.1%):
2025թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ Ընկերության ունեցած վարկային պորտֆելը կրել է էական փոփոխություններ.
ս.թ. հուլիս ամսվա վերջում Ընկերության ունեցած վարկային պարտավորությունները միջազգային և տեղական բանկերին, ինչպես նաև թողարկված պարտատոմսերի գծով (ներառյալ հաշվեգրված տոկոսները) կազմում էին շուրջ 396.8 մլն ԱՄՆ դոլար (152.3 մլրդ ՀՀ դրամ):
Ժամանակավոր կառավարչի նշանակումից շուրջ երկու ամիս անց, ընկերությունում ֆինանսատնտեսական գործառնությունների օպտիմալացման, ուռճացված ծախսերի կրճատման, գնումների մրցակցայնության ապահովման և այլ գործոնների լավարկման շնորհիվ գոյացած հավելյալ ֆինանսական միջոցները ուղղվել են որոշ պարտավորությունների վաղաժամ մարմանը ինչի արդյունքում ընկերության պարտավորությունները նվազել են 15.3 մլն ԱՄՆ դոլարի (6.3 մլրդ ՀՀ դրամ) չափով և կազմել 381.5 մլն ԱՄՆ դոլար (146.0 մլրդ ՀՀ դրամ):
Ընդհանուր առմամբ, ընկերությունը կարճ ժամանակում հասել է էական ֆինանսական կայունացման ու կառավարման թափանցիկության նշաձողի զգալի բարձրացման:
Ադմինիստրատիվ նշանակության ընթացիկ ծախսերի համար իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ընկերությունը մասնակի, իսկ որոշ դեպքերում ամբողջովին, հրաժարվել է մի շարք կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններից՝ վերջիններիս հետ խզելով գործող պայմանագրերը կամ վերանայելով գնային քաղաքականությունն ու աշխատանքի արդյունավետությունը:
Գովազդին և մարքեթինգին ուղղված ծախսերը սկսած 2025թ. օգոստոսից ամբողջովին վերանայվել են, որի արդյունքում մինչ այժմ գործող տասնյակ ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնք այլևս արդիական չեն, սահմանված կարգով խզվել են:
2025թ. տարեսկզբին հաստատված բիզնես պլանով 2025թ. օգոստոս–դեկտեմբեր ամիսների համար այս հոդվածով նախատեսված էր 77,0 մլն ՀՀ դրամի չափով վճարման շեմ:
Իրականացված աշխատանքների արդյունքում՝ ընկերությունը 2025թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսների համար, ներառյալ վճարված կուտակված կրեդիտորական պարտքերի մարումը (13,0 մլն), կունենա տնտեսում պլանային ցուցանիշի համեմատ 58,0 մլն (74%) ՀՀ դրամի չափով:
Ներկայացուցչական ծախսերի գծով 2025թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսների համար տարեսկզբին հաստատված բիզնես պլանով այս հոդվածին տրվել է 30,0 մլն ՀՀ դրամի շեմ: 2025թ օգոստոսից ներկայացուցչական ծախսերը գրեթե զրոյացվել են, առկա կրեդիտորական պարտավորությունները քննարկման փուլում են:
Այսպիսով այս ուղղությամբ ընկերությունը, 2025թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսների համար, ներառյալ վճարվելիք կուտակված կրեդիտորական պարտքերի մարումը, կունենա տնտեսում պլանային ցուցանիշի համեմատ 24,0 մլն (81%) ՀՀ դրամի չափով:
Տարածքի, գույքի, սարքավորումների վարձակալությունների գծով իրականացվում են աշխատանքներ վարձակալված օբյեկտների անհրաժեշտության, տարածքի տեղակայման հարմարավետության, ինչպես նաև գնային քաղաքականության մասով:
Քաղաքացիներին սպասարկող այն գրասենյակային տարածքները, որոնց վարձակալությունը նախկինում իրականացվել է «Տաշիր» ընկերությունների խմբին փոխկապակցված օբյեկտներում՝ շուկայականից զգալիորեն բարձր գներով, փոխարինվել են առավել հիմնավորված, արդյունավետ և ֆինանսապես նպատակահարմար վարձակալական պայմաններով տարածքներով։
Չնայած աշխատանքների դեռևս ոչ ավարտական փուլին, արդեն իսկ կարելի է արձանագրել, որ 2025թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսների համար այս հոդվածին պլանային հատկացումների 356,0 մլն ՀՀ դրամի շեմը չի գերազանցի 330,0 մլն ՀՀ դրամը և տնտեսումը կկազմի 27,0 մլն (8%) ՀՀ դրամ:
Միևնույն ժամանակ հարկ ենք համարում արձանագրել, որ նախկինում միայն մեկ սպասարկման կենտրոնի վարձակալության տարածքի համար հատկացվել է ամսական 12.6 մլն ՀՀ դրամ, իսկ այժմ այն տեղափոխվելու է «ՀԷՑ» ՓԲԸ-ին պատկանող տարածք՝ վարձակալության զրոյական արժեքով:
Մեկ այլ դեպքում էլ, ամսական 2 մլն ՀՀ դրամով վարձակալված տարածքը փոխարինվելու է նոր տարածքով, նախկինից ոչ հեռու՝ ընդամենն ամսական 400.000 ՀՀ դրամ վարձավճարով
Ավտոտրանսպորտի վարձակալությունների գծով իրականացված աշխատանքների արդյունքն առավել քան ակնառու է: 2025թ. օգոստոս–դեկտեմբեր ամիսների համար այս հոդվածին տրված 29,0 մլն ՀՀ դրամի պլանային շեմը չի գերազանցի 13,0 մլն ՀՀ դրամը, որը ներառում է նաև կուտակված կրեդիտորական պարտքերի մարումը (11,0 մլն ՀՀ դրամի չափով), և տնտեսումը կկազմի 16,0 մլն ՀՀ դրամ: (56%)
Վառելիքի ձեռք բերման գծով ընկերության տնտեսումը 2025թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսների համար կկազմի 157,0 մլն ՀՀ դրամ (44%)՝ պլանային շեմի 359,0 մլն ՀՀ դրամի փոխարեն 202,0 մլն ՀՀ դրամի վճարումների կանխատեսման արդյունքում:
Ամփոփելով վերոգրյալը՝ կարելի է հստակ նշել, որ արդյունավետ կառավարման շնորհիվ ընկերությունն այս կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է զգալիորեն օպտիմալացնել ընթացիկ ծախսերը, ծառայությունների ու ապրանքների գնման գործընթացների գերակշիռ մասը դարձնել ավելի արդյունավետ ու թափանցիկ:
Միայն վերոնշյալ ծախսային հոդվածներով մինչև տարեվերջ հնարավոր կլինի տնտեսել լրացուցիչ ավելի քան 283,0 մլն ՀՀ դրամ գումար, ընդ որում օգոստոս-սեպտեմբեր ամիսների համար այս ցուցանիշը կազմել է շուրջ 70,0 մլն ՀՀ դրամ»:
