Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քույրն ու երեք եղբայրները տեղափոխվել են խնամքի հաստատություն

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի  Ծափաթաղ  գյուղում  2025 թվականի հոկտեմբերի 27-ին ընտանիքի հոր կողմից գործադրած դաժան բռնության զոհ դարձած երեքամյա Տիգրանի քույր Վարդանուշ Օվանեսովան, եղբայրներ Ավագ, Ավետ, Արամայիս Օվանեսովները նոյեմբերի 4-ի երեկոյան պատկան մարմինների օժանդակությամբ իրենց բնակության մշտական վայրից ժամանակավորապես  տեղափոխվել են խնամքի հաստատություն՝ «Մադրիգյան» երեխաների պաշտպանության կենտրոն (նախկին Հայ Օգնության Ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն»)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը, երեխաներին խնամքի հաստատություն տեղափոխելու որոշումը կայացվել է Ճամբարակի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նոյեմբերի 4-ի նիստում, որը նախաձեռնվել էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի կողմից։

Հանձնաժողովի նիստը սկզբից կայացել է Ճամբարակի համայնքապետարանում։ Նիստին հրավիրվել են նաև Ճամբարակի համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքային ոստիկանության, Միասնական սոցիալական ծառայության Ճամբարակի տարածքային կենտրոնի ներկայացուցիչներ և  Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանը։Երկար քննարկումներից հետո, հաշվի առնելով Օվանեսովների ընտանիքում ստեղծված բարդագույն ու ծայրահեղ իրավիճակը, որոշվել է նիստը շարունակել Ծափաթաղի վարչական ղեկավարի նստավայրում։

«Նախ նիստի մասնակիցները զրույցի հրավիրեցին ընտանիքի երեխաների մորը՝ Փառանձեմ Վաթյանին, ու բացատրեցին երեխաներին ժամանակավորապես խնամքի հաստատություն տեղափոխելու հրատապ ու անհրաժեշտ քայլի մասին։ Մայրը դրականորեն արձագանքեց ու տվեց իր համաձայնությունը, անգամ ցանկություն հայտնեց երեխաներին խնամքի հաստատություն ուղեկցել՝ նրանց կեցության պայմաններին ծանոթանալու նպատակով։

Այնուհետև զրույցի հրավիրվեցին երեխաները, որոնք ևս  խնամքի հաստատություն տեղափոխվելու համար որևէ առարկություն չներկայացրին։ Այդ ամբողջ ընթացքում մենք կապի մեջ էինք «Մադրիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնի ներկայացուցիչների հետ, ուշ երեկոյան էլ կազմակերպվեց երեխաների տեղափոխությունը»,- ներկայացրել է Մամիկոն Գալոյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։

3-ամյա երեխայի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանությունը):

Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին փրկարարները, պարեկները ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել էին մարմնական վնասվածքներ: Երեխայի հայրը կալանավորվել է:

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մանրամասներ էր հայտնել դեպքից՝ հաստատելով, որ տեղի ունեցածը սպանություն է:
Նախարարի փոխանցմամբ՝ նրան հայրն է սպանել խեղդամահ անելու միջոցով: Նախարարի խոսքով՝ ըստ նախնական տեղեկությունների՝ երեխաները դրսում հանդիպել են իրենց հորը, ու հայրը խեղդամահ անելով սպանել է տղային, իսկ թե ինչու այդ հատվածում ավելի վաղ դին չեն կարողացել հայտնաբերել, նախարարը նշել է, որ հայրը դին մի քանի անգամ տեղափոխել է տարբեր հատվածներ:
Նոյեմբերի 4-ին Ծափաթաղում հուղարկավորել են 3-ամյա Տիգրան Օգանեսովին:

You may also like...