«ՀԷՑ»-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է կառույցում կատարված ուսումնասիրությունների արդյունքները

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում նոյեմբերի 10-ին ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչ Ջորջ Ախալկացիին (EBRD), Ասիական զարգացման բանկի Վրաստանի գրասենյակի ավագ ներդրումային մասնագետ Ժուժաննա Գաբրիելլա Դ. Մոսնիեին (ADB) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ՀՀ-ում ավագ ներկայացուցիչ Արման Բարխուդարյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՀԷՑ»-ը հայտնում է, որ հանդիպմանը ներկա են եղել նաև «ՀԷՑ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Շահնազարյանը, Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներդրումային մասնագետ Վյաչեսլավ Գորդիենկոյին և Ասիական զարգացման բանկի ներդրումային մասնագետ Անա Գվալիային:

Հանդիպման սկզբում Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ 2025-ի հուլիսի 18-ի ՀԾԿՀ նախագահի՝ «Վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին» թիվ 1-Ա որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության ժամանակավոր կառավարումը ստանձնելուն հաջորդիվ, ի թիվս այլ գործընթացների, իր հանձնարարությամբ նախաձեռնվել է ընկերությունում ֆինանսատնտեսական փաստաթղթերի, այդ թվում՝ աուդիտորական եզրակացությունների, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացված ֆինանսական հաշվետվությունների, միջազգային և հայաստանյան մասնավոր բանկերի հետ կնքված վարկային պայմանագրերի բազմակողմանի ոլորտային ուսումնասիրություններ:

Ժամանակավոր կառավարիչը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է մի շարք մանրամասներ. կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ ընկերության կողմից տրամադրվել են երաշխավորություններ/երաշխիքներ հայաստանյան 5 բանկերի միջոցով «Տաշիր» ընկերությունների խմբի հետ ուղիղ կամ անուղղակի փոխկապակցված մի շարք առևտրային ընկերությունների՝ փաստացի նաև խախտելով նշյալ միջազգային ֆինանսական կառույցների հետ կնքված պայմանագրերի համապատասխան դրույթները (ֆինանսական կովենանտների/պահանջների հետ կապված):

2016-2025 թվականների ընթացքում տրամադրված երաշխավորությունների ընդհանուր համագումարը կազմել է ավելի քան 690 մլն ԱՄՆ դոլար:

Ժամանակավոր կառավարչի նշանակման պահին գործող երաշխավորությունների ֆինանսական բեռը կազմել է ավելի քան 200 մլն ԱՄՆ դոլար:

Այդ երաշխիքները ՀԷՑ-ը տվել է առանց ՀԾԿՀ-ի կողմից անհրաժեշտ համաձայնություն ստանալու։ Այդ գործընթացներն ընկերության կողմից իրականացվել են «գաղտնիության» ռեժիմում:

Հանդիպման ընթացքում ընկերության ժամանակավոր կառավարիչը հավաստիացրել է, որ ինչպես ս.թ. հուլիսի 18-ից սկսած, այնպես էլ հետայսու ընկերությունը կշարունակի սահմանված ժամկետներում և ընթացակարգերով իրականացնել միջազգային բանկերի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների՝ պատշաճ և ժամանակին սպասարկումը:

Կողմերը նաև անդրադարձ են կատարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության և ՎԶԵԲ, ԱԶԲ, ՄՖԿ-ի հետ ընթացիկ համագործակցության վերաբերյալ մի շարք խնդիրների՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով այսուհետ ևս շարունակել փոխգործակցությունը և պարբերական հանդիպումների ընթացքում միմյանց նեկայացնել խնդրո առարկայի վերաբերյալ ընթացիկ տեղեկատվությունը:

You may also like...