COP17-ի հյուրընկալմամբ ՀՀ-ն լինելու է ոչ միայն կազմակերպիչ, այլև գլոբալ բնապահպանական երկխոսության հարթակ

Շրջակա միջավայի նախարար Համբարձում Մաթևոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի նոյեմբերի տասներեքի նիստում ներկայացրել եմ 2026 թվականի բյուջեի նախագծով հատկացումների շրջանակներում շրջակա միջավայրի նախարարության կողմից նախատեսվող աշխատանքները։

Հաշվի առնելով քաղաքական և միջազգային կարևոր նշանակությունը երկրի համար՝ հարթակն օգտագործել եմ և անդրադարձել 2026 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք բնապահպանության ոլորտի ամենախոշոր իրադարձություններից մեկին՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին:

Խոսել եմ միջոցառման նշանակությունից և բյուջետային շրջանակից, ներկայացրել կազմակերպչական աշխատանքները։

Իմ ելույթում անդրադարձել եմ համաժողովի հյուրընկալմամբ և նախագահությամբ մեր երկրի համար ստեղծվող հնարավորություններին։

COP17-ի հյուրընկալմամբ Հայաստանը լինելու է ոչ միայն միջոցառման կազմակերպիչ, այլև գլոբալ բնապահպանական երկխոսության հարթակ և գործընթացների գլխավոր բանակցային միջնորդ ու հանդես է գալու որպես միջազգային և տարածաշրջանային կամուրջ։

Իրականացվող բոլոր աշխատանքները լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի համաժողովների միջազգային ստանդարտներին՝ ապահովելով ներառականություն և բաց երկխոսության մթնոլորտ»։

You may also like...