Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է օրերս դատական նիստից հետո արած արտահայտության համար
«Հայկական ժամանակ»-ին իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է օրերս դատական նիստից հետո հնչեցրած արտահայտության համար:
Նկատի ունենալով նրանց, ովքեր իր հորը կասկածում են կաշառակերության համար, ասել էր. «Իրենց կնգտիք թող պատրաստվին»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վարդան Ղուկասյանի՝ տնային կալանքի տակ գտնվող որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ձերբակալվել է:
Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):
Ինչպես հայտնի է, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր: Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց էր սահմանել տնային կալանքը:
