Ուկրաինան ընտրության առաջ է կանգնած՝ 28 կետ կամ շատ ծանր ձմեռ և հիմնական գործընկերոջ կորուստ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեսաուղերձով դիմել է ժողովրդին՝ ներկայացնելով երկրի առաջ ծառացած ընտրությունը: «Սա մեր պատմության ամենադժվար պահերից մեկն է:
Ուկրաինան կարող է շատ դժվար ընտրության առաջ կանգնել. կամ արժանապատվության կորուստ, կամ հիմնական գործընկերոջը կորցնելու ռիսկ, կամ դժվար 28 կետեր, կամ չափազանց դժվար ձմեռ, ամենադժվարը և հետագա ռիսկեր»,- ասել է նախագահը: Նրա խոսքը մեջբերում է UNIAN-ը։
Զելենսկին նկատի ունի Դոնալդ Թրամփի վարչակազմի խաղաղության ծրագրի 28 կետերը, որոնք պատրաստվել են Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ խորհրդակցությամբ։ Տեսաուղերձում նախագահ Զելենսկին նաև նշել է, որ Վաշինգտոնի խաղաղության ծրագիրը քննարկելիս պետք է հաշվի առնել Ուկրաինայի ազգային շահերը։
«Մենք հանգիստ կաշխատենք Եվրոպայի և Ամերիկայի հետ: Ես կներկայացնեմ փաստարկներ, կհամոզեմ, կառաջարկեմ այլընտրանքներ, բայց մենք հաստատ թշնամուն առիթ չենք տա ասելու, որ Ուկրաինան խաղաղություն չի ուզում, խաթարում է գործընթացը, որ Ուկրաինան պատրաստ չէ դիվանագիտության: Դա տեղի չի ունենա»,- ընդգծել է Զելենսկին։
Պետության ղեկավարը վստահեցել է, որ Ուկրաինան արագ կաշխատի։ «Կաշխատենք այսօր, շաբաթ և կիրակի, ամբողջ հաջորդ շաբաթ և այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է:
Ես կպայքարեմ, որպեսզի ծրագրի բոլոր կետերում չանտեսվեն ուկրաինացիների արժանապատվությունն ու ազատությունը: Որովհետև սրա վրա է հիմնված մնացած ամեն ինչ՝ մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր հողը, մեր ժողովուրդը և Ուկրաինայի ապագան»,- ասել է նախագահը։
Մանրամասները՝ սկզբաղբյուրում։
