Փաշինյանն ընդունել է Proud Engineers ընկերության հիմնադիր Տաավի Կոտկային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Proud Engineers ընկերության հիմնադիր Տաավի Կոտկային, ով նախկինում ղեկավարել է Էստոնիայի տեղեկատվական համակարգերի գործակալությունը: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Վարչապետը կարևորել է թվայնացման ոլորտում ՀՀ Կառավարության և Proud Engineers ընկերության միջև համագործակցությունը՝ նշելով, որ թվայնացման գործընթացը Հայաստանում համարվում է առաջնահերթություն:

Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել փորձի փոխանակումը, այդ թվում՝ գործընթացը սահուն և արդյունավետ իրականացնելու համար:

Երկրի ղեկավարի խոսքով՝ պետական կառավարման համակարգի թվայնացումը նոր ազդակ կհաղորդի պետական ինստիտուտների գործունեության արդյունավետությանն ու քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցմանը:

Տաավի Կոտկան ներկայացրել է Proud Engineers-ի գործունեությունը և եվրոպական տարբեր երկրներում թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու միջոցառումները:

Միաժամանակ, նա անդրադարձել է թվայնացման սկզբունքներին, գործիքակազմերին և հնարավորություններին՝ պատրաստակամություն հայտնելով սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ:

You may also like...