Թող կատաղի հարձակումը մեզ վրա վարանումի առիթ չդառնա. վարչապետի կոչին միացած եպիսկոպոսների հայտարարությունը
Ինչպես հատնի է՝ նոյեմբերի 27-ին ՀԱԵ մի խումբ եպիսկոպոսներ իրենց ստորագրած հայտարարությամբ պահանջել են Արշակ Խաչատրյանի և Կտրիճ Ներսիսյանի հեռացումը եկեղեցուց: Նույնը օրը նրանք նաև հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Այս եպիսկոպոսները նոր հայտարարություն են տարածել, որում ասված է.
«Զղջման և մաքրագործման մարտահրավեր՝ հոգևոր ճգնաժամի հաղթահարման և մեղքից ազատագրվելու կարևոր գործում։
Սիրելի հավատակից եղբայրներ և քույրեր, Այս օրերին եկեղեցին՝ իբրև հավատացյալների ժողով, ապրում է ծանր ու խռովահույզ ժամանակներ։
Տարիներով կուտակված անլուծելի հարցերը, մտահոգություններն ու բարեկարգության կարոտ հիմնախնդիրները, միմյանց չլսելու մեր թուլությունը, անարդար դատողությունները, ուժի և ամբարտավանության դիրքերից արդարության բռնաճնշումը, վիրավորանքներն ու այլ՝ թաքուն վերքերը բացվել են հանկարծակի, և թվում է՝ բոլորը բոլորի մեղքերն են բարձրաձայնում։
Մեկը մեղադրում է մյուսին, երրորդը՝ չորրորդին։ Մեր սրտերի խռովքը պոռթկում է ավելի բարձր, քան կարող էր հնչել մեր աղոթքը։
Ոմանց կողմից մեղքի ամբարտավան և ցինիկ գովերգումը խլացնել է ջանում անխուսափելի մաքրագործման անբեկանելի պահանջը։
Աղմուկից այն կողմ տեսանելի է կործանվելու փոխարեն վերանորոգվելու իրական հնարավորությունը, ոչ թե պառակտվելու այլ Քրիստոսի սիրով միավորվելու կենսական պահանջը:
Եկեղեցին Քրիստոսի մարմինն է՝ հավատացյալներիս հավաքականությունը, որին Սուրբ Հոգին է առաջնորդում։ Մեր հավաքականությունն այսօր ցավում է, որովհետև մարմնի որոշ անդամներ հիվանդ են, տկարացած։ Այդ տկարության մեջ է, որ հիշում ենք՝ Աստված չի փրկում կատարյալներին, այլ նրանց, ովքեր ունեն խոնարհություն ընդունելու իրենց մեղքերը, չթաքցնելու վերքերը և բժշկություն խնդրելու Ամենախնամ Տիրոջից: Այս ժամանակները մեզ չեն տրվել անհուսության մատնվելու և մեղքին համակերպվելու համար։
Հասել է ժամն ինքնաճանաչման, ինքնաքննության, զղջման, ապաշխարության, ներողության և խոստովանության, գնահատելու միմյանց որպես Աստծո պատկեր և նմանություն ունեցող եղբայրների և քույրերի։ Սուրբ չէ, ոչ ոք մեզանից, բայց միայն Հայրը որ երկնքում է։ Սրբության կոչը սակայն ուղղված է բոլորիս հավասարապես։ Մենք չենք մաքրվի, եթե շարունակենք կոծկել, արդարացնել և գովերգել մեղքը, առավել ևս այնպիսի արատներ, որ իսպառ մերժելի և դատապարտելի են ինչպես Սուրբ Գրքի, այնպես էլ եկեղեցական կանոնների տեսանկյունից: Մենք կմաքրվենք, եթե մերժելով մերժենք մեղքն ու դրա ամեն դրսևորում։ Մեղքի հանդեպ երբեմն մեր կողմից դրսևորվող անտարբերությունն ավելի մեծ մեղքերի առիթ կարող է դառնալ, մանավանդ, երբ պատասխանատվություն ունենք հովվելու և առաջնորդելու:
Սկսեք ձեր ներսում կառուցել այն խաղաղությունը, որն ուզում եք տեսնել ամբողջ Եկեղեցում՝ հրաժարվելով մեղքից, բայց միևնույն ժամանակ հավատարիմ մնալով մեր եղբայրներին և քույրերին ճշմարիտ ուղղության բերելու պատասխանատվությանը:
Արյունածոր վերքը պիտի ամոքել, դա յուրաքանչյուր հովվի առաքելությունն ու կոչումն է։ Եվ թող Տերը ողորմի մեզ՝ ինչպես մեղավորների, ոչ թե արդարների։ Թող բժշկի մեր վերքերը, նոր մտքով ու մաքրված սրտով անխաթար պահի մեր Սուրբ եկեղեցին՝ իբրև հոգևոր Ընտանիք:
Լույսն իր առաքելությունն ի կատար է ածում երբ խավարի մեջ է շողում, և խավարը չքվում է»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսված Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողովի նիստը հնարավոր չի եղել գումարել Տեր Նավասարդ արք. Կճոյանի, Տեր Աբրահամ արք. Մկրտչյանի, Տեր Վազգեն արք. Միրզախանյանի, Տեր Վրթանես եպս. Աբրահամյանի, Տեր Գևորգ եպս. Սարոյանի բացակայության պատճառով:
