Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի ջանքերը
Դեկտեմբերի 2-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ՝ խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազի գլխավորությամբ։
Ինչպես հայտնել է դեսանությունը, Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Ֆրանսիայի Սենատի շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին, այդ թվում՝ Հայաստանի ձգտումներին՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը։
Դեսպան Խաչատրյանն անդրադարձել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական բնույթ կրող գործընկերությանը, մասնավորապես՝ պաշտպանության, տնտեսության, ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ ընդլայնվող երկխոսությանն ու Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգի ստորագրմանը։
ՀՀ դեսպանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները և Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը:
Դեսպանը պատասխանել է Սենատի անդամների հարցերին։
