Սուրեն Պապիկյանը ֆրանսիացի խորհրդարանականների հետ քննարկել է պաշտպանական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի ազգային պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Թոմա Գասիյուի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ֊ից, քննարկվել են հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի խորհրդարանականներին՝ համագործակցության զարգացմանն աջակցելու և ազգային ու եվրոպական հարթակներում հայանպաստ գործունեություն ծավալելու համար:

Օրվա ընթացքում նախարար Պապիկյանն այցելել է «Լեզ Էնվալիդ» (Les Invalides) զինհաշմանդամների վերականգնողական և վետերանների աջակցության կենտրոն, ծանոթացել կենտրոնի գործունեությանը:

You may also like...