Կայացել է Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների ոլորտային հանձնաժողովների համատեղ նիստը
Թբիլիսիում դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Վրաստանի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ երրորդ նիստը Սարգիս Խանդանյանի և Նիկոլոզ Սամխարաձեի համանախագահությամբ:
Նիստին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Մարիա Կարապետյանը, Լենա Նազարյանը:
Երկուստեք կարևորվել են 2022 թվականի նոյեմբերին համատեղ ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև նիստերի անցկացումը, երկու երկրների միջև միջխորհրդարանական համագործակցության խորացումը:

Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական հարաբերություններից բխող ընթացիկ գործընթացները, երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային գործընկերության մանրամասները:
Երկու խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային, անվտանգային և տնտեսական հարցերի շուրջ:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները գործընկերներին ներկայացրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության նախագծի իրագործմանն ուղղված աշխատանքները:
