Արաղչին ՀՀ-ում Իրանի նոր դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է երկկողմ համագործակցության ամրապնդման կարևորությունը
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին՝ նախքան նրա Երևան մեկնելը։
Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Հանդիպման ընթացքում նախարարն ընդգծել է Իրանի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու համար բոլոր հնարավորությունների օգտագործման անհրաժեշտությունը։
Դեսպանը ներկայացրել է իր ծրագրերը՝ բարիդրացիական քաղաքականության շրջանակներում երկու հարևանների միջև հարաբերությունները ամրապնդելու վերաբերյալ։
Հաջողություն մաղթելով նոր դեսպանին՝ Արաղչին Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները որակել է քաղաքակրթական և պատմական։
Նախքան Հայաստանում Իրանի դեսպան նշանակվելը՝ Շիրղոլամին զբաղեցրել է Իրանի արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարի՝ հետազոտությունների և ուսումնասիրությունների գծով տեղակալի պաշտոնը։
