Կամո Ցուցուլյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է ՓԾ կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր
Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, հայտնում են ՆԳՆ-ից:
«Հանդիպմանը ներկա էին Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանն ու Արսեն Մկրտչյանը։

Պատվիրակության անդամներ՝ հիդրոօդերևութաբանության գծով խորհրդատուներ Հալեհ Քուվայթը, Վլադիմիր Ցիրկունովը և քաղաքաշինության մասնագետ Նորա Միրզոյանը ներկայացնելով Համաշխարհային բանկի առանցքային ծրագրերը՝ ընդգծել են, որ դրանցում առանձնահատուկ կարևորություն է տրվել հիդրոօդերևութաբանության, կլիմայական և վաղ ազդարարման համակարգերի կատարելագործմանը:
Որպես վաղ ազդարարման և ռիսկերի կառավարման համակարգի առաջնահերթություն՝ քննարկվել են կարողությունների զարգացման, արդյունավետ կառավարման և միջգերատեսչական համագործակցության ամրապնդման հարցեր:

Կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ ժամանակակից համակարգերի զարգացումը կնպաստի ռիսկերի կառավարման արդյունավետության բարձրացմանը՝ միաժամանակ ապահովելով դիմակայուն առաջընթաց»,- ասվում է հաղորդագրության մեջ:
