Դավիթ Առուշանյանը խորհրդակցություն է անցկացրել. ինչ հանձնարարականներ է տվել Շիրակի մարզպետը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը դեկտեմբերի 18-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետի տեղակալների, աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։
Ինչպես հայտնել են մարզպետարանից, կարևորելով բոլոր բնագավառներում տարեվերջյան աշխատանքների լիարժեք իրականացումն ու արդեն մեկնարկած ծրագրերի առանց թերացումների ավարտը՝ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի ոլորտային պատասխանատուներին հանձնարարել է լինել հետևողական և անել հնարավորը՝ ձգձգումներն ու քաշքշուկները բացառելու համար։
«Տարին մոտենում է ավարտին, մենք պետք է բոլոր ոլորտներին ուշադիր լինենք և ողջ տարվա տքնաջան աշխատանքն ավարտենք պատշաճ կերպով, չպետք է որևէ տեղ թերանանք։ Այսօր Կառավարությունը 1,5 մլրդ դրամ գումար հատկացրեց Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակին, 24 ծրագրերի մասին է խոսքը, այս երկուսուկես տասնյակ ծրագրերի շրջանակում միայն, մարզում շուրջ 2 մլրդ 700 մլն դրամի աշխատանք է կատարվել, ոլորտային պատասխանատուներին հանձնարարությունս է փաթեթները ստուգել և հատկացնել նախատեսված գումարները»,- նշել է Դավիթ Առուշանյանը։

Անդրադառնալով մարզպետի աշխատակազմի ենթակայության հաստատությունների գործունեությանը՝ Դավիթ Առուշանյանը հանձնարարել է կրթական, առողջապահական ու մշակութային բոլոր հաստատություններին հանձնարարական իջեցնել աշխատավարձերի ժամանակին վճարումից զատ՝ տնտեսված միջոցների առկայության դեպքում վճարել հավելավճարներ՝ մոտեցման մեջ պահպանելով հավասարաչափության սկզբունքը։
Գործակարգավարական խորհրդակցության շրջանակներում պատասխանատուներին տրվել են այլ հանձնարարականներ ևս։
