Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
«Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակից, կազմակերպության դռները բաց են հանրապետության լիարժեք մասնակցության համար»:
Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբետովը։
«Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը։ Մենք հույս ունենք, որ Հայաստանը տեսանելի հեռանկարում կվերադառնա ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը։
Դրա համար կան բոլոր պայմաններն ու նախադրյալները. մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի ժողովուրդը շահագրգռված է Եվրասիայում անվտանգության ընդհանուր տարածքի ստեղծմամբ։
Ավելին՝ նոյեմբերին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն արեց, որ ՀԱՊԿ-ի կազմից Հայաստանի դուրս գալու հարց չկա»,- ասել է նա՝ պատասխանելով կազմակերպության կազմից Հայաստանի դուրս գալու հավանականության մասին հարցին։
Նա հավելել է, որ Հայաստանի Հանրապետությունը դադար է տվել կազմակերպությունում աշխատանքին, ինչն արտացոլում է ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի քաղաքական ղեկավարության՝ այս պահին ձևավորված դիրքորոշումը։
«Դա անկախ և ինքնիշխան պետության որոշում է, որի վրա ազդել չի կարող ոչ մի այլ պետություն կամ կազմակերպություն»,- նշել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
