Ադրբեջանում պահվող հայերին այցը կազմակերպվել է անմիջապես Ժնևի կենտրոնակայանից. Զառա Ամատունի
Դեկտեմբերի 24-ին և 25-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայերին, որոնց անունները հաստատել են Ադրբեջանի իշխանությունները:
Տեղեկությունը «Լուրերին» հայտնել է կառույցի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Հարցին՝ ինչ նորություն կարող է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի մասին, որի առողջական վիճակը վատացել է Բաքվի բանտում, Զառա Ամատունին նշել է, որ չի կարող կոնկրետ անձանց մասին խոսել, կարող է միայն ասել, որ իրենց թիմի կազմում բժիշկ է եղել, որը կարող էր մասնագիտորեն գնահատել առողջական վիճակը:
«Այս այցի շրջանակներում, ինչպես սովորաբար մեր ընթացակարգերին համաձայն, պատվիրակները գնահատել են անձանց պահման պայմանները, առողջական վիճակը (ի դեպ, կազմում եղել է նաև բժիշկ և ընդհանուր իրենց հանդեպ վերաբերմունքը):
Մենք հույս ունենք, որ մեր երկխոսությունն այս ուղղությամբ Ադրբեջանի իշխանությունների հետ կշարունակվի, և կազմակերպությունը, բնականաբար, պատրաստակամ է իր առաքելությունը շարունակելու և այս ջանքերի ուղղությամբ հատկապես աշխատելու:
Հաշվի առնելով, որ կազմակերպությունը, պատրաստակամությունից բացի, նաև ունի փորձ և տարիներ շարունակ տեսակցել է այս անձանց և այս առումով միգուցե նաև առանձնացել իր առաքելությամբ՝ աշխատանքը շատ կարևոր է, քանի դեռ մարդիկ անազատության մեջ են, և իրենց վրա տարածվում է միջազգային մարդասիրական իրավունքով պաշտպանությունը:
Այս կապակցությամբ մենք համարում ենք, որ որևէ ձևաչափով այս մարդկանց մուտք ունենալը շատ կարևոր է ինքնին, և հնարավորությունը՝ նույնիսկ այս ձևաչափով նրանց տեսակցելու, նույնպես դրական է: Հուսով ենք, որ հետագայում ևս մենք կկարողանանք նման ձևով աշխատել»:
