ՀԷՑ-ում հայեցողական պաշտոններում, բնականաբար, պետք է հենվենք քաղաքական թիմի ներկայացուցիչների վրա. Պետրոսյան
«Որևէ պայմանագիր, որը պայմանավորված է օպերատիվ կառավարման, ենթակառուցվածքների նորացման, ցանցի վերազինման հետ, չի խզվել, այլ վերաբանակցվել են. խզվել են այն պայմանագրերը, որոնցով ուռճացված մատակարարումների, գնումների գործընթացներով ձեռք են բերվում սարքավորումներ, որոնք կարող է տարիներով կամ ամիսներով պարզապես պահեստում մնային»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով, որ կապալառուների մնացած շինարարական աշխատանքները զուգահեռաբար են իրականացվել հայտարարվող նոր մրցույթներին և նոր մրցույթների արդյունքներով արդեն պայմանագրերը կնքվել են նոր կապալառուների հետ մինչև 40-60% ավելի ցածր գներով, նոր միայն դադարեցվել է համագործակցությունը գործող գործընկերների հետ։
Նաև ուզում եմ առանձնահատուկ շեշտել, որ տեխնիկական տնօրինությունում որևէ փոփոխություն իմ նշանակման պահից ի վեր տեղի չի ունեցել։ Թե՛ տեխնիկական տնօրենը, գլխավոր տնօրենը, թե՛ փոխտնօրենները, թե՛ շահագործման շրջանների գլխավոր ինժեներները, մասնաճյուղերի և ցանցերի գլխավոր ինժեներները հիմնականում նույն մարդիկ են, մասնագիտական շրջանակների որևէ էական փոփոխություն չի եղել, և մասնագիտական ներուժը որևէ կերպ չի տուժել։
