Հալեպում հրադադար է հաստատվել
Հալեպում հրադադար է հաստատվել, որն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով ժամը 3:00-ից:
Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Սիրիայի ՊՆ-ն՝ նշելով, որ որոշումը կայացվել է քաղաքում իրավիճակը թուլացնելու համար։
Հալեպում 3 օր շարունակ ընթանում էին մարտեր Սիրիայի կառավարական ուժերի և քրդական կազմավորումների միջև։
Երեքշաբթի օրը Հալեպի երկու քրդական թաղամասում ընթացել են հրետանու կիրառմամբ մարտեր։ Տեղական աղբյուրների համաձայն՝ առաջին օրը զոհվել է վեց մարդ։
Reuters-ի փոխանցմամբ՝ գիշերը հարաբերական դադար է եղել, սակայն չորեքշաբթի մարտերը վերսկսվել են։ Հալեպի առողջապահության վարչության տվյալներով՝ զոհվել է առնվազն չորս մարդ, վիրավորվել՝ 18-ը։
Չորեքշաբթի Սիրիայի կառավարությունը պահանջել է, որ քուրդ մարտիկները լքեն Հալեպի Շեյխ Մասուդ և Աշրաֆիե քրդական թաղամասերը։
Քաղաքացիական պատերազմի ընթացքում սիրիացի քրդերը Սիրիայի հյուսիսարևելյան մասում, նաև Հալեպում ստեղծել են իրենց ինքնավար շրջանները։
Հունվարի 8-ին՝ ժամը 15:00-ից, Հալեպի Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե թաղամասերը հայտարարվել են «փակ ռազմական գոտիներ»՝ ստեղծելով «երկու անվտանգ մարդասիրական միջանցք» խաղաղ բնակիչներին դուրս բերելու համար, հաղորդել է է Agence France Presse-ը։
AFP-ի թղթակիցները Հալեպում ականատես են եղել, թե ինչպես են հազարավոր մարդիկ լքում այդ թաղամասերը։ Տեղացի դիտորդները նշել են, որ Թուրքիան կարող է կրկին միջամտել Դամասկոսի և քրդերի միջև ձգձգվող հակամարտությանը։
Բաշար ալ-Ասադի տապալումից հետո Թուրքիան սերտ կապեր է հաստատել Դամասկոսի նոր կառավարության հետ և այժմ Սիրիայի հիմնական դաշնակիցներից մեկն է։
Թուրքիան իր սահմանին ուժեղ քրդական զինված խմբավորումների առկայությունը համարում է սպառնալիք և սիրիական պատերազմի ընթացքում մի քանի անգամ հարձակվել է սահմանային շրջաններից SDF-ին հետ մղելու համար։
