Հայաստանի և Ռումինիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են համագործակցության ընդլայնման հարցերը
Հոկտեմբերի 30-ին Բուխարեստում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ռումինականը՝ Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Յուլիան Ֆոտան:Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, անդրադարձ կատարելով հայ-ռումինական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը։ Քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության և փոխադարձ աջակցության հնարավորությունները։
Խորհրդակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ ընդլայնված գործընկերությանը։ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը՝ ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման հրամայականի համատեքստում։
