Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն. վարչապետ

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երևան»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ վարչապետը տեղեկացրել էր, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարիի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին և հիմա գտնվում են ՀՀ տարածքում։

Հիշեցնենք՝ Գևորգ Սուջյանն ու Դավիթ Դավթյանը գերեվարվել էին 2020 թ․ նոյեմբերին՝ պատերազմի ավարտից հետո, երբ փորձել էին աջակցություն հասցնել Ղարաբաղ: Ադրբեջանում ընկերները դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման: Լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը գերեվարվել էր 2020-ի նոյեմբերի 10-ին, Շուշի ուղևորվելու ճանապարհին:

Էուլջեքջյանը դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման:

Ինչ վերաբերում է Վագիֆ Խաչատրյանին. տարեց տղամարդը գերեվարվել էր 2023-ի հուլիսին՝ Հակարիի կամրջի մոտ, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Ղարաբաղից մեկնում էր Հայաստան՝ բուժման նպատակով: 2025-ի դեկտեմբերի վերջին տեղեկություններ տարածվեցին, որ նրա առողջական վիճակը Բաքվի բանտում վատացել է, տեղափոխվել է հիվանդանոց:

You may also like...