Դատախազությունը պահանջում է Վահե Հակոբյանից, կնոջից և կապակցված անձանցից գանձել 12 անշարժ գույք, 21 մլն դոլար
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Սյունիքի մարզի նախկին մարզպետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահե Ալբերտի Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից` կնոջից՝ Էլիզաբեթ Պետրոսյանից, Վահե Հակոբյանի եղբայր Կարեն Հակոբյանից, Կարեն Հակոբյանի կնոջից, դստրերից և Վահե Հակոբյանի ծնողներից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 9 անշարժ գույք,
- 3 տրանսպորտային միջոց,
- 1 իրավաբանական անձանցում մասնակցություն,
- 4 փոխառության պահանջի իրավունք՝ ընդհանուր 122 միլիոն 614 հազար դրամի չափով,
- 2 պարտատոմս՝ ընդհանուր 741 հազար ԱՄՆ դոլար արժեքով,
- 2 ավանդ՝ ընդհանուր 240 հազար ԱՄՆ դոլարի չափով,
- 4 միլիարդ 524 միլիոն 816 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
- 2 միլիարդ 814 միլիոն 926 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
