Amnesty International-ը Ռուբեն Վարդանյանի դատավճիռը արդարադատության նկատմամբ ծաղր է որակել
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը արդարադատության նկատմամբ ծաղր է որակել Բաքվի դատարանի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացրած դատավճիռը։
Ստրութերսի կարծիքով՝ տասնամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության զոհերը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, արժանի են ճշմարտության, արդարության, փոխհատուցման և երաշխիքների, որ այդպիսի հանցագործություններն այլևս չեն կրկնվի։
«Այս դատապարտումները միջազգային իրավունքով հանցագործությունների բոլոր զոհերի համար վիրավորանք են»,- նշել է նա։
Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրենը հայտարարել է, որ Ռուբեն Վարդանյանը և մյուսները դատվել են գործնականում փակ լսումներով, նրանց դեմ հարուցված գործերը հիմնված են կեղծ ապացույցների վրա, իսկ դատական նիստերն անցկացվել են հայերի համար անհասկանալի լեզվով և պատշաճ չեն թարգմանվել։
Նշվում է նաև, որ «Amnesty International-ը Ադրբեջանի իշխանություններից տեղեկատվություն է խնդրել դատավարության և ապացույցների մասին, բայց պատասխան չի ստացել։
«Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները մարդու իրավունքների միջազգային իրավունքի համաձայն և ապահովի, որ հանցագործությունների մեջ մեղադրվող բոլոր անձինք դատվեն միջազգային իրավունքի և արդար դատավարության չափանիշների լիարժեք համապատասխանությամբ»,-ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։
Բաքվի դատարանը փետրվարի 17-ին հրապարակել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործով դատավճիռը, որի համաձայն՝ Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։
Մեղադրող դատախազը Ռուբեն Վարդանյանի համար պահանջել էր ցմահ ազատազրկում։
Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իրավապահների կողմից ապօրինի ձերբակալվել և Բաքու էր տեղափոխվել 2023 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո։ Ադրբեջանում նրան կեղծ մեղադրանքներ են առաջադրվել մի քանի հոդվածներով։
