Իրանը ցանկանում է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հասնի սահմանված նպատակներին
Իրանի նպատակն է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հասնի սահմանված նպատակներին։
Երևանում այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Մեր ցանկությունն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հասնի սահմանված նպատակներին։ Եվ այնպես լինի, որ երկու կողմերի շահերն էլ այդ շրջանակներում հաստատվեն և պահպանվեն»,- ասել է դեսպանը։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք այն պարագայում, երբ Իրանը պատերազմի մեջ է, շարունակո՞ւմ է պահպանվել երկրի այն կարմիր գիծը, որ Իրանի համար անընդունելի են տարածաշրջանում գեոպոլիտիկ փոփոխությունները, դեսպանն ընդգծեց.
«Այն կարմիր գիծը, որ մեր կողմից հայտարարվել է, և դա տարածաշրջանում գեոպոլիտիկ փոփոխությունների բացառումն է, պահպանվում է, և դրանում որևէ փոփոխություն չի եղել։ Պատերազմի մեջ լինենք, թե չլինենք, այդ կարմիր գիծը իր տեղում է և պահպանվում է»։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ը հարվածներ են հասցրել Իրանին:
Թեհրանը պատասխան գործողություններ է սկսել, ինչից հետո հակամարտությունը վերածվել է ռազմական բախման և իրավիճակի սրման ողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում: Իրանն ու Իսրայելն անմիջապես, հետագայում նաև այլ երկրներ հայտարարել են օդային տարածքները փակելու մասին:
