ԵՄ հանձնակատարը գերազանց է գնահատել ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ ՆԳ նախարարության կատարած աշխատանքը

Մարտի 18-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ընդունել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գլխավորած պատվիրակությանը։

ՆԳ նախարարը բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով, որ սա այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ ԵՄ հանձնակատարի այցն է Հայաստան, ինչը վկայում է ակտիվ և արդյունավետ համագործակցության մասին։

Անդրադառնալով ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին՝ նախարար Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մայիսին կստանա առաջընթացի գնահատման վերջնական զեկույցը և վստահություն հայտնել, որ երկուստեք կարձանագրվեն գոհացուցիչ արդյունքներ։

45.jpg (1.10 MB)

Որպես հայկական կողմի գլխավոր բանակցող՝ նախարար Սարգսյանը ներկայացրել է երկխոսության մեկնարկից ի վեր գրանցված շոշափելի արդյունքները և վերահաստատել, որ Հայաստանը լիովին հանձնառու է իրականացնել գործողությունների ծրագիրը բարձր որակով և ամբողջ ծավալով։

Նախարարն առանձնահատուկ կարևորել է միգրացիայի և սահմանների համալիր կառավարման, փաստաթղթերի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքները։

Ընդգծվել է Հայաստանի կողմից Եվրոպոլում կապի սպայի նշանակման կարևորությունը իրավապահ ոլորտի համագործակցության համատեքստում։

44.jpg (1.63 MB)

Մարթա Կոսը գերազանց է գնահատել ՆԳ նախարարության և անձամբ նախարար Սարգսյանի գործունեությունը ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործընթացում։

Նա նշել է, որ Հայաստանը վստահելի գործընկեր է Եվրամիության համար՝ ընդգծելով, որ ներկայումս այն միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն այս ուղղությամբ ակտիվ երկխոսություն է վարում։

Անդրադարձ է կատարվել նաև Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ իրականացված հետազոտությանը, ըստ որի՝ ՆԳՆ ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը զգալիորեն աճել է։

46.jpg (1.72 MB)

Հանդիպմանը քննարկվել են նաև անվտանգության, հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու և կիբեռհարձակումների դեմ պայքարին առնչվող հարցեր։

You may also like...