Թրամփը խոսել է Իրանի «գլխավոր մարդու» հետ բանակցությունների մասին, Իրանը հակադարձել՝ բանակցություն չի եղել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում Իրանի «գլխավոր մարդու» հետ։
Նա ասել է, որ խոսքը գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի մասին չէ, բայց չի մանրամասնել, թե ում մասին է խոսքը։
Իրանում «ռեժիմի փաստացի փոփոխություն» է տեղի ունենում, պնդել է ԱՄՆ նախագահը։
«Մի՛ մոռացեք. մենք ոչնչացրել ենք Իրանի ղեկավարությունը ռազմական գործողությունների առաջին, երկրորդ և մեծ մասամբ երրորդ փուլերում, սակայն մենք գործ ունենք այն մարդու հետ, որին ես համարում եմ ամենահարգվածը, իսկական առաջնորդը», — CNN-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Թրամփը:
Դոնալդ Թրամփի խոսքով՝ բանակցություններում ամերիկյան կողմը ներկայացնում են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ձեռնարկատեր Ջարեդ Քուշները։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեիին չի համարում Իրանի գերագույն առաջնորդ։
«Մենք ոչինչ չենք լսել Խամենեի որդուց։ Հայտարարություններ պարբերաբար հնչում են, բայց մենք չգիտենք՝ նա ողջ է, թե ոչ:Մենք շատ, շատ ուժեղ բանակցություններ ենք ունեցել։
Կտեսնենք, թե որտեղ դրանք կհանգեցնեն։ Մենք ունենք ընդհանուր հիմքեր», — ասել է ԱՄՆ նախագահը։
Նա սպառնացել է շարունակել Իրանի վրա հարձակումները, եթե բանակցությունները ձախողվեն:
Միաժամանակ,, Իրանի բարձրագույն ղեկավարությունը, ի պատասխան Թրամփի հայտարարության, նշել է, որ ամերիկյան կողմի հետ բանակցություն չի եղել:
