Այսօր ակնկալվում է հայ գերիների վերադարձը Հայաստան. Միրզոյան

Այսօր ակնկալվում է հայ գերիների վերադարձը Հայաստան, ասուլիսի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Պայմանավորվածությունների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, այս պահի դրությամբ ամեն ինչ ընթանում է պայմանավորվածությունների համաձայն: Եթե նկատել եք, կար երկու բաղադրիչ՝ գերիների փոխանակություն, ազատ արձակում և կար կլիմայի կոնֆերանսի կոմպոնենտ: Եվ ահա այդ կոնֆերանսը ավարտվել է պաշտոնապես երեկ, և այսօր արդեն մենք կարող ենք սպասել երկրորդ բաղադրիչի իրականացմանը և չունենք հիմք ասելու, որ ադրբեջանական կողմը չի պահպանի պայմանավորվածությունները»,- ասել է նա:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, ռազմագերիների փոխանակումը կլինի Ղազախ-Իջևան սահմանին:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:

Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների:

Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:

You may also like...