Կառավարությունն ամեն օր աշխատում է Բաքվում պահող գերիներին վերադարձնելու համար. Կոնջորյան (տեսանյութ)

«ՀՀ կառավարությունը 2020 թվականից ամեն օր աշխատում է Ադրբեջանում պահվող ռազմագերիներին և այլ պահվող անձանց Հայաստան օր առաջ վերադարձնելու համար»:

Այս մասին ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Ոչ մի օր այդ աշխատանքը չի դադարել, և այդ աշխատանքը կատարելու ու շարունակելու համար հարկավոր չէ որևէ այլ առիթ:

Այստեղ նշվեց, թե COP-ը լավագույն առիթն է, որ մենք հանդես գանք այս նախաձեռնությամբ:

Ուզում եմ նշել, որ ՀՀ կառավարությունը չի փնտրում առիթ, որ զբաղվի այս հարցով, մենք այս հարցով զբաղվում ենք ամենօրյա ռեժիմով»,- ասաց պատգամավորը:

Դիմելով ընդդիմությանը՝ Կոնջորյանը նշեց, որ եթե նրանց համար ինչ-որ առիթ է պետք, որ այդ աշխատանքն արվի, Կառավարության համար առիթ պետք չէ, որովհետև ամեն օր զբաղվում է այդ աշխատանքով:

«Այս նիստը, հայտարարությունը որպես մեխանիզմ, որպես գործիք չի ծառայում այն նպատակին, ինչը դուք փորձում եք այստեղ ներկայացնել:

Դուք փորձում եք գերիների հարցը ծառայեցնել որպես ներքաղաքական կապիտալ կուտակելու միջոց»,- ասաց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հիշեցնենք՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով խորհրդարանում անցկացվում է «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկում:

You may also like...