Իսկ ո՞վ է հիմա խոսում պատմական Հայաստանից, ինչպե՞ս կարելի է էսքան խաբել ժողովրդին. Մենուա Սողոմոնյանը՝ Շիրակ Թորոսյանին

Լրահոսին չտիրապետող ու ԱԺ ՔՊ խմբակցության (նախկինում՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության) պատգամավոր Շիրակ Թորոսյանի ելույթը լսող մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, իբր հիմա ողջ ընդդիմադիր դաշտը պատմական Հայաստան է պահանջում՝ Մուշ, Վան, Խոյ, Սալմաստ, Ախալքալաք ու Ախալցխա:

Այս մասին իր էջում գրել է ԵՊՀ նախկին դասախոս, «Հայաքվե»  նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը՝ արձագանքելով նախօրեին խորհրդարանում ՔՊ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանի հայտարարություններին:

Նա, մասնավորապես, նշել է. «Իր անփառունակ շեֆի կեղծ ու անհիմն խոսույթը անպատեհ շրջանառող պատգամավորին, ով նաև դասախոս է աշխատում Մայր բուհում, չարժե՞, որ ուսանողները հարցնեն՝ իսկ ո՞վ է հիմա խոսում պատմական Հայաստանից, քաղաքական ո՞ր ուժերն են, քաղաքական ո՞ր գործիչներն են նման հարցեր բարձրացնում…

Ինչպե՞ս կարելի է էսքան խաբել, մոլորեցնել ժողովրդին, ինչպե՞ս:

Երբվանի՞ց 150.000 փախստական մարդու տուն դառնալու հարցը, ռազմագերիներին ու պատանդներին վերադարձնելու հարցը, սահմանազատման անվան տակ նորանոր տարածքներ թշնամուն չնվիրելու հարցը, աշխատելու փոխարեն չփիառվելու հարցը դարձան պատմական Հայաստանի պահանջներ»։

You may also like...