Վրաստանում դեկտեմբերին նախագահ կընտրեն. հայտնի է դարձել ընտրությունների օրը

Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին, իսկ երդմնակալության արարողությունը՝ դեկտեմբերի 29-ին:

Այ մասին բյուրոյի նիստում հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը բյուրոյին առաջարկել է նախագահական ընտրությունների ամսաթիվը և համապատասխան բանաձևի նախագիծը, որը կներկայացվի լիագումար նիստին։

«Այս դեպքում ես առաջարկություն կանեմ նախագահական ընտրությունների օրվա հետ կապված, և այն կներառենք օրակարգ, այնուհետև խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ կհաստատենք, որ այն տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 14-ին, երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին»,- ասել է Պապուաշվիլին։

Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի վերջին ուղղակիորեն ընտրված նախագահն է։

Հաջորդ նախագահին կընտրի 300 հոգանոց ընտրական կոլեգիան, որի կազմում կլինեն Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, Աջարիայի և Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհուրդների անդամներ, ինչպես նաև ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

Իշխող թիմը ակտիվ խորհրդակցություններ է անցկացնում նախագահի թեկնածուների հետ կապված։

Ինչպես նշում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, Վրաստանի նախագահը պետք է լինի մարդ, որը կգործի իր «երկրի շահերին համապատասխան»։ Ինչպես հայտնի է, ներկայիս նախագահ Զուրաբիշվիլիի և իշխանությունների կարծիքները չեն համընկնում:

Սահմանադրության համաձայն՝ Վրաստանի նախագահի ընտրություններն անցկացվում են պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո՝ հոկտեմբերին, սակայն եթե ընտրությունների ամսաթիվը ընկնում է խորհրդարանական ընտրությունների ամսին կամ նախորդ ամսին, ապա նախագահական ընտրություններն անցկացվում են նորընտիր խորհրդարանի առաջին նիստից հետո՝ 45 օրվա ընթացքում։ 

Լրատվամիջոցների վարկածներից մեկի համաձայն՝ Վրաստանի ապագա նախագահը կարող է լինել նախկին վարչապետ, այժմ «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին։

You may also like...