ՀՀ-ն վիզաների ազատականացման գործընթացը համարում է որոշ ոլորտների զարգացման ռազմավարական ճանապարհային քարտեզ
Դեկտեմբերի 11-ին Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլի շրջանակում բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում՝ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորությամբ:

Կողմերը հաստատել են, որ գործընթացը բովանդակային է և չկա այն ավարտելու մեխանիկական վերջնաժամկետ։ Բարձրաստիճան պաշտոնյաները համաձայնել են, որ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում հաջորդ քայլերը կլինեն 2025 թվականին երկու պաշտոնական առաքելությունները, որոնց շրջանակում ԵՄ կառույցների համապատասխան փորձագետները կիրականացնեն առկա խնդիրների վերլուծություն։
Նշված առաքելությունները կնպաստեն համապատասխան հենանիշների ցանկի սահմանմանը, ինչն անհրաժեշտ է հեռանկարում ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման հասնելու համար։

ՆԳ նախարարը շեշտել է, որ ՀՀ-ն վիզաների ազատականացման գործընթացի մշակվելիք գործողությունների ծրագիրը դիտում է որպես միգրացիայի, շարժունակության և հանրային անվտանգության ոլորտների զարգացման ռազմավարական ճանապարհային քարտեզ։
Յոհաննես Լուխները շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել ինտենսիվ աշխատելու պատրաստակամությունը։
