Արարատում քննարկվել է ամբուլատորիաների խոշորացման ծրագիրը. ինչ է այն նախատեսում
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում:
Արարատի մարզում ամբուլատորիաների մի մասը համայնքային, ոչ առևտրային կազմակերպություններ են, մյուս մասը՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններ, ուստի ամբուլատորիաների խոշորացումից առաջ առաջանում է կազմակերպաիրավական ձևի փոփոխություն, որի ընթացքն էլ քննարկվել է ներկաների հետ։
Նախարարի տեղակալն ընդգծել է․ «Որևէ համայնքում որևէ ամբուլատորիա չի փակվելու, որևէ բուժաշխատող չի կրճատվելու, խոշորացումը բացառապես վերաբերում է վարչական մասին»։
Հիշեցնենք, որ այս բարեփոխմամբ` ընտանեկան բժիշկները ազատվելու են տնօրենի պարտականություններից՝ արդյունքում ունենալով ավելի շատ ժամանակ բուժական գործով զբաղվելու համար։ Քաղաքացիները ևս շարունակելու են բուժսպասարկում ստանալ իրենց համայնքում։
Ավելանալու է ամբուլատորիաների վարչական գծով տնօրենի հաստիքը, որն էլ համակարգելու է մի քանի ամբուլատորիայի վարչատնտեսական աշխատանք։
Նախարարի տեղակալը շարունակաբար այցեր է կատարելու այն մարզեր, որտեղ նախատեսվում է ամբուլատորիաների խոշորացման ծրագիրը։
