Թրամփը հայտարարել է, որ ուզում է արագ հանդիպել Պուտինի հետ՝ պատերազմը դադարեցնելու համար

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհամբեր սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի ավարտը։

«[Սա] այն բաներից մեկն է, որ ես ուզում եմ արագ անել, և նախագահ Պուտինն ասաց, որ ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել ինձ հետ:

Այնպես որ, մենք կսպասենք սրան, մենք պետք է վերջ տանք այս պատերազմին»,- ասել է Թրամփը Turning Point USA կոնֆերանսում։

Նրա խոսքով՝ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմում արդեն միլիոնավոր զինվորականներ են զոհվել», և դա երբեք չէր լինի, եթե ինքը լիներ նախագահ։

«Ես կդադարեցնեմ պատերազմն Ուկրաինայում, կդադարեցնեմ քաոսը Մերձավոր Արևելքում: Եվ ես խոստանում եմ, որ թույլ չեմ տա երրորդ համաշխարհային պատերազմը։

Մենք շատ մոտ ենք Երրորդ համաշխարհային պատերազմին»,- ասել է Թրամփը։

Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Թրամփի հետ։ «Չգիտեմ՝ երբ կհանդիպենք։ Չորս տարուց ավելի է, ինչ նրա հետ ընդհանրապես չեմ խոսել:

Ես պատրաստ եմ դրան»,- ասել է նա դեկտեմբերի 19-ին ուղիղ գծի ժամանակ։ Պուտինը նաև հավելել է, որ պատրաստ է Կիևի հետ բանակցությունների և փոխզիջումների։

Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի և Թրամփի հանդիպման «իրական ազդակներ» դեռ չկան։

You may also like...