2025 թ. հունվարին մաքսային մարմնում ամբողջական կգործարկվի «Ծանուցման» էլեկտրոնային համակարգը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականին հունվարին մաքսային մարմնում ամբողջական կգործարկվի «Ծանուցման» էլեկտրոնային համակարգը։
Այսինքն, ապրանքների հայտարարագրերի սպասարկումն իրականացվելու է հեռավար եղանակով` նվազագույնի հասցնելով մաքսային ծառայող-հայտարարատու շփումը: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:
Միաժամանակ, ապրանքների հայտարարագրի գծով իրականացվող մաքսային գործառնությունների ժամանակ լրացուցիչ փաստաթղթերի կամ տեղեկությունների ճշտման անհրաժեշտության դեպքում, մաքսային ծառայողները հայտարարատուների հետ նույնպես շփվելու են տվյալ էլեկտրոնային համակարգի միջոցով:
Հաշվի առնելով վերը նշվածը` ՊԵԿ-ը հորդորում է 2025 թվականի հունվարի 3-ից ապրանքների հայտարարագիր ներկայացնելուց հետո, չայցելել «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում գտնվող մաքսային սպասարկման սրահ, այլ հետևել էլեկտրոնային համակարգով ուղարկվող ծանուցումներին:
Միաժամանակ, ապրանքների հայտարարագրի գրանցումից հետո բացթողնման գործընթացն արագացնելու նպատակով, անհրաժեշտ է նախքան ապրանքների հայտարարագրի գրանցումը, վճարել և «90009» դասակարգչի ներքո կցել տվյալ հայտարարագրի շրջանակում առաջացած պարտավորությունների (հարկերի, տուրքերի և այլ վճարների) վճարումը հիմնավորող փաստաթղթերը:
